Ալիևը հրաժարվեց, ինչ սպասել դրանից

1in.am-ը գրում է.Հայաստանյան շրջանակում հաճախ են հնչում հարցեր այն առնչությամբ, թե ինչ սպասել բանակցությունից Ալիևի հրաժարումից: Ինչպես հայտնի է, նա հայտարարել է, թե չկա ձևական բանակցելու իմաստ:

Իրապես, ինչ սպասել, եթե Ադրբեջանը չի բանակցում: Սպասել պետք է հավասարապես այն, ինչ Ադրբեջանի բանակցելու դեպքում: Այսինքն՝ Ադրբեջանից միշտ պետք է սպասել ամեն ինչ, թեկուզ և այն պարզ պատճառով, որ Ադրբեջան, որպես կանխատեսելի սուբյեկտ, անկախ դրա քաղաքականության բովանդակության ընդունելիությունից՝ այլևս գոյություն չունի:

Ադրբեջանն այլևս աշխարհաքաղաքական պոլիգոն է՝ առաջին հերթին ռեգիոնալ ուժային կենտրոնների կամ ռեգիոնում ուժեղ ազդեցություն ունեցող կենտրոնների համար: Ընդ որում, բանն ամենևին թուրք-ադրբեջանական զորավարժությունը չէ: Ադրբեջանը պոլիգոն է բառի լայն իմաստով, ըստ այդմ՝ երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե այդ պոլիգոնում ով ինչ բնույթի շարժ կանի և ինչ տեսակի ու որակի դրսևորում կունենա այն:

Ընդ որում, հենց այդ, այսպես ասած, կարգավիճակն է նաև պատճառը, որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցությունից: Եթե այդ պետությունն այլևս գործիք է ազդեցության կենտրոնների ձեռքին, ապա բանակցությունը կարող է միայն ու միայն բարդացնել Ադրբեջանի նախագահի վիճակը, էլ ավելի սրել նրա շուրջ առանց այդ էլ թեժ մթնոլորտն ու խորացնել այն փոսը, որի պռնկին է Ալիևը:

Հրաժարվելով բանակցությունից՝ նա փորձում է կառչել պռնկից: Հետևաբար Հայաստանին պետք չէ որևէ արտառոց բան սպասել բանակցությունից նրա հրաժարվելուց և միևնույն ժամանակ, իհարկե, պետք է Ադրբեջանից սպասել ամեն ինչ և ըստ այդմ՝ պատրաստ լինել ամենածայրահեղ մարտահրավերներին և դրանց կանխարգելմանը կամ հետմղմանը: Ընդ որում, հարկ է ընդգծել, որ Հայաստանին դրան պետք էր պատրաստ լինել միշտ էլ, անգամ երբ Ալիևը գալիս էր, այսպես ասած, բանակցության:

Ըստ այդմ՝ Երևանի համար խոշոր հաշվով չի փոխվել ոչինչ, իսկ եթե ինչ-որ բան էլ այդուհանդերձ փոխվել է, ապա այն, որ Հայաստանը Տավուշում կատարած քայլով գործնականում ցույց տվեց, որ պատրաստ է: Ըստ այդմ՝ ոչ միայն չկա Ալիևի բանակցության գալու իմաստ, այլև իմաստ չկա փորձելու Հայաստանի հաշվին լուծել ինչ-որ հարցեր՝ զոհաբերելով Ալիևին: Դա իհարկե չի հանում Ալիևի զոհաբերության հարցն օրակարգից, պարզապես օրակարգում զգալիորեն թուլացնում է դա Հայաստանի հանդեպ որևէ նոր սադրանքի միջոցով անելու իմաստավորվածությունը և նպատակահարմարությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика