«Աբսուրդ որոշումը պետք է րոպե առաջ վերանայվի». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աբսուրդ որոշումը պետք է րոպե առաջ վերանայվի

Կորոնավարկի դեմ դիմակ կրելու պարտադրանքը, անշուշտ, անվիճարկելի է, նրա դեմ պայքարն էլ՝ հասկանալի։ Բայց ամեն ինչ պետք է լինի տրամաբանության ու առողջ բանականության սահմաններում։ Սակայն ինչ անուն տաս Ստեփանավանում տեղի ունեցած այսօրվա դեպքին, երբ մի խումբ հաղթանդամ ոստիկաններ, կանգնեցնելով ավտոմեքենան, ըստ երևույթին տեսնելով, որ ուղևորներից ոմանք դիմակ չեն

կրում կամ այն կրում են ոչ այնպես, բառի բուն իմաստով վայրենի բռնություն են գործադրում ընտանիքի մի քանի տարեց անդամների վրա, ոլորելով նրանց ձեռքերն ու ոտքերը, ասես վերջին քրեական հանցագործների, ասֆալտին փռելով, նրանց բերման են ենթարկում։ Ու այդ ամենը տեղի է ունենում ավտոմեքենայում կուչ եկած փոքրիկների հայացքի առաջ։

Ի՞նչ է սա, պայքար վարակի դե՞մ, ուժի իրավաչափ կիրառո՞ւմ, թե՞ անպատժելիությո՞ւն կամ սովորական հաշվեհարդար։ Վերջապես, պետք է հասկանալ մի պարզ բան. ինչպես սեփական բնակարանն է անձեռնմխելի ու ընտանիքի անդամներն իրենց առօրյան առանց դիմակի են անցկացնում, այնպես էլ անձնական օգտագործման ավտոմեքենան, որով երթևեկում են այդ նույն ընտանիքի անդամները A կետից B կետը։ Ինչո՞ւ մի դեպքում դիմակ կրելը պարտադիր չէ (թեև, հնարավոր է՝ ցանկալի է), իսկ այ անձնական օգտագործման մեքենայով երթևեկելու դեպքում՝ պարտադիր է (երբ, վարորդից բացի այլ ուղևոր կա)։

Տվյալ դեպքում խոսքն ամենևին հանրային տրանսպորտի (ավտոբուսներ, երթուղայիններ, տրոլեյբուսներ, մարդատար տաքսիներ և այլն) մասին չէ։ Կրկնում եմ՝ խոսքը սեփական ավտոմեքենայով երթևեկող ընտանիքի անդամների մասին է։ Ամռան այս տապին, երբ դրսում 40 աստիճան տաքություն է, իսկ մեքենաներում (որոնց մեծ մասը հովացման համակարգեր չունեն) մինչև 50 աստիճան կարող է հասնել, իմաստը ո՞րն է, որ նույն ընտանիքի անդամներին ստիպում ենք դիմակներ կրել։

Ի վերջո, մարդն իր ու իր մերձավորի մասին ավելի շատ է մտածում կամ մտահոգվում, քան որևէ չինովնիկ, եթե նույնիսկ այդ չինովնիկը թավշով է «օծված»։ Հարկավոր է րոպե առաջ վերացնել այսպիսի աբսուրդ որոշումներն ու հիշել, որ մարդկանց համբերությունը սահման ունի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика