Վճռաբեկ դատարանը չի ընկալում՝ ինչ խորությամբ են խախտվել Քոչարյանի իրավունքները. Հայկ Ալումյան

ՀՀ վճռաբեկ դատարանը չի ընկալում, թե ինչ խորությամբ են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկնաբանելով Քոչարյանին երրորդ անգամ կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքը վարույթ չընդունելու Վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 20–ի որոշումը։

«Մենք հերթական անգամ սպառում ենք այս ատյանը, որպեսզի հետագայում Երոպական դատարան դիմելիս խոչընդոտ չունենանք։ Վճռաբեկ դատարանի խնդիրներից մեկն այն է, որ նա ոչ միայն չի վերականգնում անձի խախտված իրավունքը, այլև հաճախ չի էլ ընկալում, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում և Վճռաբեկ բողոքները չի ընդունում քննության»,–ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ Վճռաբեկ դատարանը չի ընկալում, որ թե ինչ խորությամբ են խախտվել Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։

Հայկ Ալումյանը նշեց, որ Եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացված վերջին վճիռները վերաբերվում են այն գործերին, որոնք Վճռաբեկ դատարանը ժամանակին վարույթ չի ընդունել։

Վճռաբեկի կողմից բողոքը վարույթ չընդունելու տարբերակներից մեկն էլ ըստ պաշտպանի այն է, որ Վճռաբեկ ատյանը կարծել է, թե Քոչարյանի գործով պրոբլեմից կարելի է խուսափել, եթե աչքերը փակի և չտեսնի այդ խնդիրը։

«Վճռաբեկ դատարանը ջայլամի պես է իրեն պահել, գլուխը մտցրել է ավազի մեջ և մտածում է, որ եթե ինքը պրոբլեմը չի տեսնում, ապա այդ պրոբլեմն իրենը չէ»,–նկատեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները։

Նշենք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը, վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը և որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика