«Ի վերջո մեր ընտրությունն է՝ լինել մա՞րդ, թե՞ տականք…». Արտակ Հերիքյան

Երբ ես ծնվեցի…« »

Երբ ծնվեցի, ինչպես բոլորը, շարունակեցի պայքարը իմ յուրահատկությունը պաշտպանելու, նոր հաղթանակներ տանելու համար: Ի՞նչ նկատի ունեմ. լույս աշխարհ եկող ամեն մարդ հաղթած է, ծնունդը հաղթանակ է միլիոնների հանդեպ: Բեղմնավորման պահից սկսած՝ մարդն արդեն ընտրյալ է: Միլիոնավոր բջիջներից միմիայն մեկին՝ ամենայուրահատուկին է վիճակվում պտուղ դառնալ կնոջ կրծքի տակ:

Երբեմն կարոտում եմ մանկությունս…

Ամեն օր վերապրում եմ մանկությունս, քանի դեռ կարող եմ գլուխս դնել մորս ծնկներին, քանի դեռ իմ հուսահատության, զայրույթի պահերին մայրս նորից ու նորից պատմում է նաեւ բարությամբ ու սիրով լի աշխարհի մասին:

Մեր ընտանիքում միշտ…

Մեր տանը գրեթե ամեն երեկո պոեզիա էին կարդում: Խաղի պես մի բան էր. քույրերիցս մեկը վերցնում էր գիրքը, մյուսներս որևէ էջի համար էինք ասում, եւ նա կարդում էր այդ էջին գրվածը: Ինձ թվում էր՝ ամեն բանաստեղծություն արտահայտում է էջի համարը ասողի՝ այդ պահի տրամադրությունը: Ու, ինչպես բոլոր մանկական խաղերը, այդ խաղն էլ հաճախ վեճով էր ավարտվում, երբ մեկը մյուսին մեղադրում էր լավ չկարդալու համար ու փորձում՝ խլել գիրքը (ժպտում է):

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս…

Մարդկանց բազմազանությունն ընդունել, որպես մոլորակի հարստություն, գնահատել ամեն մեկին, փորձել հասկանալ բոլորին, տեսնել ամենալավը մարդու մեջ: Սիրով, համբերությամբ, խոնարհությամբ զինաթափել ատելության թույնով ինքն իրեն մաշող մրցակցին:

Իմ մեծագույն ուսուցիչը եղել է…

Կյանքն ամեն օր, ամեն րոպե ուսուցչություն է անում: Պետք է պարզապես խելոք աշակերտ լինել:

Լրագրությունն իմ ինքնաարտահայտման ուրույն ճանապարհն է…

Լրագրությունն ինձ վերստեղծել է. սովորեցրել կասկածել, լինել ավելի համարձակ, արդարության զգացումն է սրել երեւի… Միշտ հավատացել եմ, որ լրագրությունը կփոխի աշխարհը, կդարձնի ավելի լավը, բայց երբեմն հիասթափվել եմ՝ տեսնելով, թե ինչպես է փողի, շահի աշխարհը փոխում լրագրությունը, փոխում լրագրողին: Բայց ինչ էլ որ լինի լրագրությունը, առանց դրա աշխարհը ավելի վատը կլինի: Ինչպես ամերիկյան մի ֆիլմի հերոս լրագրողն է ասում, «եթե մենք հարցեր չտանք, Ամերիկայի ժողովուրդը կպարտվի»:

Կյանքը լիարժեք է, երբ…

Մարդը գիտի այն լցնել թեկուզ շատ փոքր ուրախություններով: Կյանքը երբեք լիարժեք չի լինի, եթե գլխովին ներքաշվես սպառողական հասարակության թելադրած նյութապաշտական հոգեմաշ մրցավազքի մեջ:

Կյանքիս դժվարությունները հաղթահարելիս սովորում եմ…

Դժվարությունը եթե չի սպանում, ուժեղացնում է: Իմաստուններն են ասել:

Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ…

Փորձում եմ հաճախ հետ չնայել: Հետ նայելիս, կարող ես չնկատել, որ ոտքդ քարի է դեմ առել, կարող ես սայթաքել:

Հոգևոր կյանքիս վրա մեծապես ազդել է…

Բարձր գրականությունը, որն օգնում է ապրել. հավատալ, հուսալ, սիրել:

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում, երբ…

Համբուրում եմ աղջկաս:

Քաղաքում կա մի եկեղեցի, որն ամենասիրելին է…

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է:

Մարդկությունն այսօր կարիք ունի…

Մարդիկ այսօր եւ միշտ կարիք ունեն հացը արդար կիսելու. ամերիկացիներն ամեն օր 150 հազար տոննա սնունդ են թափում, մինչդեռ եմենցին 150 գրամ հաց չունի սովից լաց լինող իր երեխայի համար: Եմենում ամեն օր ութ երեխա է մահանում սովից:

Մարդը սկսում է մահանալ, երբ…

Հայելու մեջ նայելիս՝ ինքն իրեն այլևս չի ճանաչում: Երբ հայելու միջից նայում է ինքն իրեն դավաճանած մի օտարական՝ կյանքի հանդեպ չարությամբ լցված աչքերով: Աչքերը չպղտորելու, մարդուն մարդու մեջ չսպանելու համար շատ համառ ջանքեր են պահանջվում, հատկապես, խառնակ ժամանակներում: Բայց, ի վերջո, մեր ընտրությունն է. լինել մա՞րդ, թե՞ տականք, ապրե՞լ, թե՞ մահանալ…

Աստվածաշնչից ինձ համար առանձնացնում եմ…

«Մի՛ վախեցիր…»-ը: Ասում են՝ Աստվածաշնչում սա գրված է 365 անգամ:

Խորհուրդներ, որոնք կցանկանայի տալ բոլորին․․.

Միայն ամենամտերիմներին խորհուրդ տալու համարձակություն եմ ունենում: Այն էլ ոչ հաճախ:

Զրուցեց Լիլիանա Օսիպյանը

qahana.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика