Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 38-ամյա տնօրենն ընկավ ոստիկանների և քննիչների՝ «Տաք-տաք պիցցա» օպերացիայի տակ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 14-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել են «Տաք-տաք պիցցա» օպերացիան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի 81 ՍC 008 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։

Կոտայքի մարզի ոստիկանները, երեկ արդեն իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքում, Հանրապետության պողոտայում, «Տաշիր պիցցա»- մոտ, նկատում են կասկածյալ Ա. Կարապետյանին, ով պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցնում է դիմացի մայթը, ավտոմեքենան կայանում և մտնում է վարսավիրանոց՝ մազերը կտրելու։ Ա. Կարապետյանին, ով ոստիկաններին ներկայացել է, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, վարսավիրանոցից, երբ մոտնում է իր BMW-ին, ոստիկանները հայտնում են, որ կասկածներ ունեն այն մասին, որ ավտոմեքենայում զենք կա։

Ա. Կարապետյանը, երևի թե զգալով, որ մազից է կախված իր՝ նշված վայրից հեռանալը, որոշ ժամանակ փորձում է ոստիկաններին համոզել, թե կարիք չկա ավտոմեքենան զննելու, սակայն ոստիկաններից ստանում է պատասխան, որ ավտոմեքենան պետք է զննվի ու այդ հարցով արդեն զբաղվում են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։

Գրեթե 10 ժամից ավելի է տևում այդ գործողությունը, քանի որ քննիչը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու թույլտվության որոշում տա։ Կեսգիշերն անց դատարանը բավարարում է քննիչի միջնորդությունն ու Ա. Կարապետյանը իր փաստաբանի ներկայությամբ (ով, ի դեպ, նեղսրտեց, երբ տեսալուսանկարահանում էինք իր պաշտպանյալին։ Սակայն փաստաբանը պետք է լավ իմանա, որ ինքն իր աշխատանքն է կատարում, ոստիկաններն ու քննիչները՝ իրենցը, լրագրողն էլ՝ իրենը) մատնացույց արեց ավտոմեքենայի այն տեղը, որտեղ հայտնաբերվեց «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով։

Ա. Կարապետյանը քննիչներին հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իր հանգուցյալ եղբորը։ Քննիչի որոշմամբ ատրճանակը, որը գործարանային արտադրության առանց համարի է, տեղում ընթերակաների ներկայությամբ փաթեթավորվեց, կնիքվեց և ուղարկվեց ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ քննիչի որոշմամբ կատարվելու է փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը, ով ներկայանում է, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում. նա այս տարվա օգոստոսի 1-ին ազատվել է աշխատանքից, քանի որ երկար ժամանակ չի ներկայացել աշխատավայր, ինչպես ժողովուրդն է ասում՝ «արհամարհած է ունեցել», ինչն էլ դարձել է ազատման պատճառ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика