ՊԱՐՈՆ ՎԱՆԵՑՅԱՆԻՆ ԿՈՉ ԿԱՆԵՄ՝ ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ ՉԽՈՍԻ. ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆ

«Նա որեւէ արարք չի կատարել, որի համար կարող է քրեական հետապնդում իրականացվել, շինծու մեղադրանք է»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

«Որպես վկա՝ նրան հրավիրեցին, կար ուրվագծված պլան, որ պետք է տեղի ունենային այդ գործողությունները: Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինն ուներ յոթ օր ժամանակ՝ մեղադրանք առաջադրելու-չառաջադրելու վերաբերյալ: Դա ցույց տվեց այն վարքագիծը, որին ես ականատես եղա. մենք գնում եւ ներկայացնում ենք այդ փաստաթղթերը, քննիչը շպրտում է մի կողմ, ասում է՝ դե լավ, միջնորդությունը հետո կքննարկենք:

Տասնյոթին մենք հրավիրեցինք քննչական գործողությունների, ամսի տասնութին պարոն Սանասարյանին ներգրավեցին մեղադրյալ, իրենք դեռ երկու օր ունեին: Իսկ հաջորդ օրը պատրաստ է որոշումը՝ պաշտոնավարումը կասեցնելու, դա է պատճառը, որ մենք այդպիսի հայտարարություններ էինք անում»,- նշեց նա:

Ասուլիսի ընթացքում Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ իր հարաբերություններին, նշեց, որ իրենց հարաբերությունները կապ չունեն գործի հետ. «Իմ եւ պարոն Վանեցյանի հարաբերությունները կապ չունեն այս գործի հետ, իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով չխոսի, մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ: Չխառնվեն մարդիկ, ովքեր չպետք է խառնվեն»:

Պաշտպաններից Արսեն Սարդարյանն էլ ասաց, որ ԱԱԾ տնօրենը չպետք է մեկնաբանություններ աներ գործի վերաբերյալ. «Մենք մտահոգված ենք, որ ԱԱԾ տնօրենն ասում է՝ հիմնավորված է: Գործի նկատմամբ հսկողություն է իրականացվում դատախազի կողմից, ոչ թե ԱԱԾ տնօրենի, նման պարագայում ինչո՞ւ է նման մեկնաբանություններ անում: Բոլորս հասկանում ենք ԱԱԾ տնօրենի դերն իրավապահ մարմիններում, եւ մենք մեր իրավունքների պայքարում չենք բացառում, որ լուրջ խոչընդոտներ ունենանք: Դատախազությունը, դատարանները կաշկանդվեն ԱԱԾ տնօրենից: Համոզված են, որ այստեղ անձնական ոչինչ չկա»:

Սանասարյանը թեմայի վերաբերյալ նաեւ հավելեց. «Պարոն Վանեցյանն ասել է՝ գործը գնա դատարան, կտեսնենք, չի կարելի այդպես ասել, ո՞վ ասեց, որ գործը դատարան է գնալու, դա ճնշում է: Նման բան չի կարելի ասել, ինքն ի պաշտոնե չի կարող խառնվել»:

Հիշեցնենք` ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

hraparak.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий
Яндекс.Метрика