Գագիկ Ծառուկյանի և իշխանության ընտրությունը

Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքում են աշխատանքից ազատվելու հետ կապված ծանուցագիր ստանալու առնչությամբ: Գործարանի սեփականատերը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է: Նա համենայնդեպս առայժմ չի արձագանքել բողոքին, թեև ԲՀԿ ներկայացուցիչները տարածել են, որ տեղյակ է իրավիճակին: Գործարանի մոտ 1000 աշխատակից ազատվելու ծանուցում է ստացել, քանի որ գործարանի ղեկավարությունը չի կարողանում մրցակցել արտերկրից ներկրվող ցեմենտի հետ: Այդպիսին է պատճառաբանությունը:

Օրերս կառավարությունը գնաց ներկրվող ցեմենտի մաքսատուրքի բարձրացման, սակայն գործարանի աշխատակիցները նշում են, թե չի փոխվել հումքի ներկրման մաքսատուրքը, և գործարանը նպատակահարմար է համարում ներկրվող հումքից արտադրել ցեմենտ, քան ստանալ հումքը ներսում, և դրա համար էլ կրճատվում է աշխատակիցների մոտ 70 տոկոսը, քանի որ մեծ մասն աշխատում էր հումքի ստացման գործում:

Առերևույթ տնտեսական այդ խնդիրը անկասկած քաղաքական է՝ այն պարզ պատճառով, որ քաղաքական ուժի ղեկավար է գործարանի սեփականատերը: Այն էլ՝ խորհրդարանում երկրորդ ուժի: Օրերս մենք խոսեցինք բիզնեսի և քաղաքականության սերտաճումը ինստիտուցիոնալ կերպով բացառելու մասին, որպեսզի բացառվեն տնտեսական և քաղաքական խնդիրների այդօրինակ միաձուլումները, որոնք անկասկած խանգարում են, ոչ թե նպաստում խնդիրների ընկալմանն ու հանգուցալուծմանը: Օրինակ՝ գործարանում կրճատումների քայլը թողնում է պարզ քաղաքական շանտաժի տպավորություն, որով սեփականատերը փորձում է կառավարությունից ստանալ իր համար ավելի նպաստավոր պայմաններ: Դա մոտավորապես նման է մթերումները դադարեցնելու մասին հայտնի բեռնափոխադրող ընկերության հայտարարությանը, որին մեղադրում են հարկերը թաքցնելու համար և կալանավորել են հիմնադիր տնօրենին:

Շանտա՞ժ է անում ցեմենտի գործարանի սեփականատերը իրականում, թե՞ իսկապես կա տնտեսական խնդիր: Համենայնդեպս, աշխատակիցները, որոնք բողոքում են գործարանի ղեկավարության որոշման դեմ՝ կապված կրճատումների հետ, հայտարարել են նաև, թե ոմանք իրենց ուզում են հանել Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց իրենք դա չեն անի, իրենց խնդիրը գործարանի ղեկավարների և սեփականատերերի հետ է:

Այս իրավիճակն էլ իր հերթին խիստ ուշագրավ է դառնում վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում կառավարության և ԲՀԿ-ի միջև քաղաքական հարաբերության որոշակի լարման ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական սադրանք է կատարվել «Իմ քայլի» և կառավարության դեմ, իսկ Ծառուկյանն էլ պատասխանեց, որ սադրանք կատարվել է ԲՀԿ-ի դեմ: Առիթը հայտնի ելույթն էր ԱԺ-ում: Հիմա՞ ինչ սադրանք է և ում դեմ:

Ակնառու է, սակայն, որ խորքում պետության այն ականապատումն է, որ տեղի է ունեցել նախկին համակարգի շրջանում, բիզնես, քաղաքականություն, իշխանություն սերտաճումով: Այդ ականապատումը դեռ շատ է զգացնել տալու իրեն, ինչն առնվազն հարց է առաջացնում՝ կկարողանա՞ն այդպիսի դեպքերում կառավարությունն ու խոշոր սեփականատերերը գտնել փոխհամաձայնություն, երբ սեփականատերերից մեկը նաև քաղաքական շահառու է, թե՞ այդուհանդերձ կա՛մ սեփականատերը պետք է ի վերջո հրաժարվի երկու կարգավիճակները համատեղելուց և ընտրի մեկը, կա՛մ իշխանությունը պետք է նրա համար նրա փոխարեն կատարի այդ ընտրությունը, և հետո իհարկե առաջ է գալու իրականացման մեթոդների ընտրության հարցը:

1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика