<<Կային ինչպես տասը հազարով ընտրողները, այնպես էլ տասը հազար բաժանողները>>…

Մեր զրուցակիցն է հրապարակախոս Արա Նեդոլյանը

Պարոն Նեդոլյան, սիրո ևհանդուրժողականությանհեղափոխությունից մեկ տարի անցորքանո՞վ գործ ունենք հանդուրժողհասարակության հետ։ Վերջինզարգացումները արդյոք չփաստեցի՞ն, որ հանդուրժողականության հետկապված լրջագույն խնդիրներ կան։

Դե հիշենք, որ միշտ կար պայքարող հասարակություն և կային ինչպես տասը հազարով ընտրողները, այնպես էլ տասը հազար բաժանողները: Անհայտ կորել այդ զանգվածը՝ նույնիսկ ոչ թե մարդիկ, այլ վատ բան անելու մարդկանց մեջ նստած ցանկությունը, մեկ տարում չէր կարող: Սակայն, այնուամենայնիվ, տրանսգենդեր անձը Ազգային ժողովում բարձրաձայնում է իր խնդիրները, ապօրինի սրճարանները քանդվում են, Սպայկայի տնօրենը կալանավորված է, իսկ անհանդուրժող տերտերը ենթարկվեց, ինչպես Ամերիկայում կասեին, «տարօրինակ ու դաժան պատժի», որի անունը անգամ մինչ օրս չէինք լսել: Հասկանում եմ, որ հետադեմ հայացքներ կրողների քանակը տհաճ անակնկալ է, բայց իրենք միշտ էին շատ, բայց, լինելով իշխանություն, առօրեության հյուսվածքի հիմքը՝ այնքան չէին նկատվում, իսկ հիմա իրենք պաշտպանվող են, իրենց մնացել է փողոցային ակտիվությունը, հյուսվածքը արդեն իրենցով չի հյուսվում: Քիչ առաջ առիթը հնդկացիներն էին, հնդկացիները փողոցում չպակասեցին, բայց թեման մարեց: Բժշկությունում ասում են՝ խորքային հիվանդությունը երբ դուրս է գալիս մակերես, ուրեմն բուժումն ազդում է: Դժվար մի քանի տարի է լինելու, բայց հետո, կարծում եմ, մենք կտեսնենք արդեն առողջացած մակերեսներ, հանդուժողականության հանրային վառ օրինակներ:

Հիմա Հայաստանում հայտարարված էտնտեսական հեղափոխությանմեկնարկի մասին։ Տնտեսությաններառականություն ապահովելըորքանո՞վ կապահովի այդհեղափոխությունը, և որքանո՞վ է այնիրատեսական։

Լավ չգիտեմ՝ ներառականության տակ ինչ է հասկացվում, թեև հնչեղությունը լավն է: Իսկ խնդրի էությունը որ պարզ հասկանանք, օրինակ, օրերս Ռուսաստանում հրապարակվեց մի վիճակագրություն, ըստ որի՝ երկրի բնակիչների երեք տոկոսին պատկանում է բանկային ավանդների ութսունինը տոկոսը: Հայաստանում վիճակը, անշուշտ, նույնն է, գուցեև ավելի դաժան: Հենց դա է քրեաօլիգարխիայի կառավարման տարիների վերջնական արդյունքը: Այժմ իրավիճակը պետք է փոխել, բայց ինչպե՞ս: Այս արատավոր բուրգի գոյացման պատճառն այն է, որ տնտեսվարման արդյունքում առաջացող եկամուտի շատ փոքր մասն է հասնում աշխատողներին աշխատավարձերի տեսքով և որ շատ փոքր քանակությամբ մարդիկ են հանդիսանում իրենց բիզնեսի սեփականատեր: Ուրեմն, տրամաբանորեն, հակաճգնաժամային քաղաքականությունը պետության կողմից պետք է խրախուսի աշխատավարձերին գնացող եկամուտների բաժնի ավելացումը մի կողմից, և խրախուսի ինքնազբաղված, սեփականատիրության հիմքով արվող աշխատանքը, բիզնեսը՝ մյուս կողմից: Դրան պետք է միտված լինի առաջին հերթին հարկային քաղաքականությունը, նաև՝ պետգնումների քաղաքականությունը, նաև՝ պետական արժևորման, քարոզչության համակարգը: Հարկավոր է ստեղծել, եթե ինքնուրույն չեն ստեղծվում, զորեղ արհմիություններ, հովանավորել դրանց, հովանավորել ինքնազբաղվածերին, հասնել նրան, որ երկրում առաջանա ի վերջո իրատեսական տոկոսադրույքով բիզնես վարկ, նորմալ բանկային համակարգ: Երևի յուրաքանչյուրը կկարողանա ավելացնել այստեղ այլ կարևոր առաջարկներ, ուղղվածությունը հասկանալի է՝ թողնել հնարավորինս շատ եկամուտ աշխատողի ձեռքում:

Հայտարարվա՞ծ է արդյոք որևէ նման բան: Արվու՞մ է արդյոք: Ճիշտն ասած՝ չեմ կարող դա հաստատել, պարզ, հասանելի ձևով ոչ արվում է, ոչ ասվում: Խնդիրը համընդհանուր է, Ֆրանսիայում հաստատ երեքը ութսուն իննին չի, այլ օրինակ քսանը ութսունին, կամ ավելի մեղմ, բայց, միևնույն է, կուտակվում է հանրային ճգնաժամ, որի արտահայտությունն է օրինակ դեղին բաճկոնների շարժումը: Հենց այդ խնդիրը հասկանալու և ձևակերպելու արդյունքում են ժամանակակից տնտեսագետները ստեղծել տնտեսական ներառականության տեսությունը, նախազգուշացնելով փակ, անթափանցիկ էլիտաների ստեղծումից: Այդպե՞ս է արդյոք ներառականությունը ընկալվում Հայաստանում: Գուցեև այդպես, բայց հստակ, ձևակերպած քաղաքականություն այդ հարցում չի ազդարարվել, գուցե դեռ կտեսնենք դա առաջիկա ժամանակներում:

Պարոն Նեդոլյան, հեղափոխությունիցմեկ տարի անց որտե՞ղ են ամենամեծձեռքբերումները, ո՞ր ոլորտներում ևո՞րն է կառավարության, այսպես ասած,թույլ օղակը։

Կառավարությունը, իմ գնահատմամբ, գործում է շատ մեղմ, դանդաղ, գուցե անգամ դանդաղկոտ, առանց շատ շոշափելի և հստակ ուղեցույցի, բայց համառորեն գնում է հիմնականում ճիշտ ուղղությամբ: Փորձ է արվում վերաիմաստավորել, ինչ-որ «ռեստարտի» ենթարկել կրթությունն ու գիտությունը, մշակութային կառավարումը, գյուղատնտեսությունը, արտաքին քաղաքականությունը /առավել նկատելի/, արդարադատությունը, քաղաքաշինությունը: Պակաս նկատելի է նորացման ընթացքը բանակում, ուժային կառույցներում, տնտեսական ու հարկային քաղաքականությունում, նկատելի հետդարձ եղավ բնապահպանության ոլորտում, ինչպես նաև ռուսական մենաշնորհներից ազատվելու /կամ գոնե մեղմելու/ գործում:

Հիմնական թուլությունները, կարծում եմ, երկուսն են: Մեկը՝ առանձին նախարարները գործում են կարծես թե ինտուիտիվ ըմբռնումների եղանակով, խուսափում են հստակ ու կոշտ ռազմավարություններ ձևակերպելուց և անհրաժեշտ, բայց ցավոտ փոփոխությունները իրականացնում են կաթիլ-կաթիլ սկզբունքով: Պետք է հասկանալ, որ նախկին արատավոր համակարգը ուներ իր շահառուներին, կամ գոնե համակերպված, վատին սովորած մարդկանց, և փոփոխություների ընթացքում այդ մարդիկ դժգոհ են լինելու: Հասկանալի է, որ ցանկացած կառավարության համար էական է, որ այդ դժգոհությունը չդառնա համատարած, զանգվածային ու կտրուկ, դրա համար կառավարությունը գործում է դանդաղ և զգույշ:

Սակայն փոփոխությունների ընթացքում առաջանում են նաև նոր տիպի շահառուներ, նրանք, ում համար նորն ու լավը դառնում է շահավետ ու սովորական: Այսինքն՝ կա նուրբ բալանս հների դժգոհության և նորերի գոհունակության միջև: Ինձ թվում է, որ այդ բալանսը փոքր-ինչ խախտված է հներին չնեղելու օգտին: Գուցե դա բնական է, և ընթացքը գնալով արագանալու է և որոշակիանալու, արտահայտում եմ միայն այս պահի տպավորությունս:

Երկրորդ թուլությունն էլ, ինչքան էլ զարմանալի թվա, դա քաղաքական կառույցի փաստացի բացակայությունն է կառավարումն իրականացնող քաղաքական ուժի մոտ: «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» բանաձևն է փաստացի գործում, և դրա հետ կապված խնդիրներ կան՝ նախ, ինչպես ենք փոխելու տարիներ անց կառավարող կուսակցությունը եթե այն չկա, ուրիշ ժողովուրդ հո չունե՞նք: Երկրորդը՝ որտե՞ղ են օրենսդիր և գործադիր իշխանությունների թևերի ներկայացուցիչները հանդիպում, կարծիքներ փոխանակում, օրվա խնդիրներից մի փոքր դիստանցավորված՝ ապագային ուղղված ծրագրեր մշակում, փորձը փոխանակում, նաև մեղմ, բարեկամական քննադատության խոսք միգուցե լսում թիմակիցներից: Վատ է, երբ չկա նման տեղ: Օրինակ՝ չի ստեղծում, թե ինչպես ապրել կուսակցական կյանքով, թեև, ըստ սահմանադրության, ամբողջ քաղաքական կյանքը Հայաստանում հենց կուսակցական պետք է որ լիներ:

Վարչապետը կառավարության վերջիննիստի ժամանակ հանձնարարեց ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանին պայքարմղել մանիպուլյացիաների ու ֆեյքերիդեմ։ Ինչպե՞ս եք գնահատում։

Պահի թելադրանքը ես իհարկե հասկանում եմ, վարչապետը հակազդում է հակաքարոզչության ալիքին, որ բարձրանում է շատ հնարավոր է նախկին իշխանությունների ուղղորդմամբ: Եվ, իհարկե, ինֆորմացիոն դաշտում որոշ արարքներ քրեորեն պատժելի են, երբ սպառնում են կոնկրետ մարդկանց կամ խոցելի խմբերին: Բայց ունեմ երկու հարց. առաջինը՝ ինչ բան է ԱԱԾ-ն, ես դա չեմ հասկանում իրավական առումով: Կա հանցագործություն, որ ամրագրված է քրեական օրենսգրքում, և դրա դեմն առնելու համար կան ոստիկանություն, դատախազություն և դատարան: Մեղադրվողին պաշտպանելու համար կան փաստաբաններ: Իսկ ԱԱԾ-ն փաստորեն զբաղվում է քաղաքականությա՞մբ, բայց իբր իրավապահ մեթոդներո՞վ: Եվ կապ չունի, որ այժմյան ԱԱԾ-ն և իր ղեկավարը դրսևորում են հեղափոխությանը հավատարիմ կեցվածք, խոսքը հարթությունները խառնելու մեջ է. քաղաքականին պետք է տալ քաղաքական պատասխան, լրատվականին՝ լրատվական, հանցագործությանը՝ իրավապահական, տնտեսականինը՝ տնտեսական: ԱԱԾ-ն խորհրդային այն ժամանակների վերապրուկ է, երբ այդ չորսն էլ փաստորեն չկային, կամ սաղմնային վիճակում էին, դրա համար ԿԳԲ-ն զբաղվում էր ամեն ինչով, կատարում էր ցանկացած գործառույթ, ընդհուպ մինչև սոցիոլոգիական ծառայություն կամ պառանորմալ ակտիվության ուսումասիրություն: Օրինական, ժողովրդավարական պետությունում ամեն ինչն հիմնված է իրավասությունների բաժանման և հստակ իրավունքի ու պատասխանատվության սկզբունքի վրա, որտեղ հատուկ ծառայությունների դերը նույնպես հստակ սահմանված է՝ հետախուզություն և հակահետախուզութուն: Կարծում եմ՝ դրան էլ մենք կգանք:

Վերադառնալով ինֆորմացիոն չարորակ գրոհին՝ այ դրան հակազդելու համար և պետք կգար կուսակցական մեդիա, որը չկա: Քանի չկա կուսակցություն, մեծ է նաև հանրային, որոնք առաջ կոչվում էին պետական, մեդիաների դերը՝ ես ինչ-որ չեմ նկատում, որ հանրային հեռուսատաալիքները, օրինակ, պաշտպանեն հանրության շահերը հակահասարակական, հակաօրինական քարոզչությունից, երեբեմն նկատվում է նույնիսկ հակառակը: Այսպիսով, հիմնական սկզբունքը պետք է լինի, իմ համոզմամբ, նմանին պատասխանել նմանով, իսկ դրա համար այդ ամենը պետք է ստեղծել՝ և քաղաքական /չխառնել իշխանականի հետ/ ինստիտուտներ, և հանրային նոր կամ նորացված մեդիաներ, որոնք կարողանան հասարակության աչքում դառնալ ավելի վստահելի, քան ֆեյք էջերը, և ակտիվ տնտեսական քաղաքականություն, որը կկարողանա երեկվա «կյանքի տերերին» և իրենց շահառուների բանակին հակադրել նոր տնտեսության նոր, ավելի բազմաթիվ շահառուների զանգվածը:

lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика