Նիկոլ Փաշինյանը կարող է բեկում մտցնել Արցախի հարցում

«Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի օդային տարածքը միջազգային թռիչքների համար բաց դարձնելու և Սարսանգի ջրամբարն Արցախի ու Ադրբեջանի կողմից համատեղ օգտագործելու երկու մարդասիրական առաջարկներին:

«Առաջին հերթին պետք է այս նախաձեռնությունը, ինչպես նաև մյուս նախաձեռնությունները գնահատել: Սա ցույց է տալիս, որ երկրները շահագրգռված են հակամարտության կարգավորման հարցում: Եթե այլ պետությունների կամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջամտությունն անհրաժեշտ լինի, այս հարցը նույնպես կարող է դիտարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կլինի դիտարկելու այս և այլ հարցերը արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը օրերս հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները համատեղ օգտագործել Ադրբեջանի հետ: Նա նշել էր, որ իր առաջարկը բխում է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու նպատակից։ «Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, որը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորմամբ, տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատմամբ, ցանկանում եմ հրապարակավ հանդես գալ հումանիտար փոխգործակցության երկու առաջարկով, որը կարող է քննարկվել, օրինակ, առաջիկայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այս համատեքստում կարևորում ենք Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որը հնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես ազատ տեղաշարժի իրավունքը։

Համոզված եմ, որ այդ դեպքում տարածաշրջանի հաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորեն մեր օդային տարածքի անվտանգությունը: Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախի ու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգովի կդառնան ինչպես արցախյան, այնպես էլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝ կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»,- իր հայտարարության մեջ նշել էր Արայիկ Հարությունյանը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի արձագանքը Արայիկ Հարությունյանի առաջարկին բավական ուշագրավ նրբերանգներ է պարունակում։ Նախ՝ Զախարովան անուղղակիորեն Արցախը ճանաչում է որպես բանակցային կողմ՝ նշելով, որ «Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է այն քայլերը, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի շահագրգռվածությունը խնդրի կարգավորման հարցում»։ Բացի այդ, նա շեշտում է նման առաջարկների իրագործման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածության հնարավորությունը ու այդ համատեքստում կարևորում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող այս իրադարձությունների համատեքստում ուշագրավ էին նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ստրասբուրգում արած հայտարարություննները խաղաղության օրակարգի անհրաժեշտության ու Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանության մասին։

Այս իրադարձությունները պետք է դիտարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր փաթեթի, վերջին ամիսների գործընթացի տրամաբանության շրջանակներում։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում գնալով ավելի շատ է խոսվում խնդրի հումանիտար կողմի, հումանիտար քայլերի անհրաժեշտության մասին։ Այդ շեշտադրումներով հայտարարությունները սկսեցին հնչել դեռևս անցած տարվա ամռանը Փարիզում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո։ Ապա նույն շեշտադրումները շարունակվեցին Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի հանդիպումներին հաջորդած հայտարարություններում։ Իսկ երկու երկրների ղեկավարների՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպմանը արդեն պաշտոնապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու երկու երկրների արտգործնախարարների հայտարարության մակարդակով, արձանագրվեց կողմերի պայմանավորվածությունը հումանիտար քայլեր իրականացնելու վերաբերյալ։

Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մարդասիրական բաղադրիչի ներմուծումը հայկական կողմի նախաձեռնողականության արտահայտությունն է։ Ադրբեջանը հազիվ թե բանակցային գործընթացը նման հունով տանելու շահագրգռվածություն կարող էր ունենալ։ Եվ ուրեմն կարող ենք արձանագրել, որ գոնե մինչև այս պահը բանակցություններում հայկական օրակարգը հաջողում է, ինչի վկայությունը պետք է համարել նաև Մարիա Զախարովայի հայտարարությունը։

Ռուսական կողմից դրական գնահատականի արժանացած նախաձեռնությունը, ընդհանրապես հումանիտար բաղադրիչը իր գաղափարաբանությամբ ու փիլիսոփայությամբ համապատասխանում է նաև արևմտյան կողմի առնվազն արժեքային կողմնորոշումներին, այսինքն՝ դժվար է պատկերացնել, որ ԵԱՀԿ մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, կարող են բացասաբար վերաբերվել դրան։ Իսկ բանակցային գործընթացում հումանիտար բաղադրիչի դոմինանտությունը ժամանակի ընթացքում կարող է երկրորդական դարձնել Մադրիդյան սկզբունքները և ընդհանրապես այն ողջ փիլիսոփայությունը, որով ընթացել է բանակցային գործընթացը վերջին տարիների, տասնամյակների ընթացքում։

Նիկոլ Փաշինյանը գնում է բանակցային գործընթացում բեկում մտցնելու ճանապարհով, և առայժմ, բարեբախտաբար, դա նրան հաջողվում է։

1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика