Զինվորը գանգատվել է սթրեսից և անքնությունից, բայց նրան սիմուլյանտ են անվանել. վերջինս ինքնասպան է եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ:

Նախաքննական մարմինը հաստատված էր գնահատել, որ Արթուր Ա.-ն՝ կոչումով մայոր, 2009 թվականին նշանակվել է զորամասի բժշկական ծառայության պետ, իսկ 2015 թվականի մարտին արձակվել է պահեստազոր:

Սյունիքի մարզի բնակիչ Ռուբեն Դ.-ն, լինելով Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանող, 2013 թվականի հունիսին առանց առողջական սահմանափակումների, զորակոչվել ու ժամկետային զինծառայության է անցել տանկային գումարտակում:

Մինչև զորակոչվելը՝ 2012 թվականին սեպտեմբերին, գտնվելով Երևանում, Ռուբենը մեկ անգամ ունեցել է ջղաձգումներ և գիտակցության կարճատև կորուստ: Շտապօգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա լրիվ հետազոտությունները չի անցել, հրաժարվել է ստացիոնար բուժումից ու խորացված հետազոտություններից:

Հետագայում գիտակ ցության կորուստ ու ջղաձգումներ չի ունեցել, զորակոչային բժշկական հանձնաժողովին գանգատներ չի ներկայացրել և առանց առողջական սահմանափակումների է զորակաչվել ծառայության:

Ըստ մեղադրանքի՝ սկզբում Ռուբենը չի բողոքել ծառայությունից: 2013 թվականի հուլիսի վերջին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ նա տեղափոխվել է այլ գումարտակ, որտեղ էլ ծառայության ընթացքում նրա մոտ սկսել են ի հայտ գալ նյարդային ու հոգեկան բնույթի խնդիրներ:

Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Դ.-ն իրեն պահել է մեկուսի, ծառայակիցների հետ չի շփվել, հարցերին պատասխանել է կարճ և հատու:

2013 թվականի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Ռուբենը հաճախ դիմել է վաշտի հրամանատարին՝ առողջական վիճակից բողոքելով, նա ասել է, որ նյարդային լարված վիճակում է: Ռուբեն Դ.-ին մի քանի անգամ տեղափոխել են զորամասի բուժկետ, որտեղ ախտորոշվել են միայն «լարինգիտ», «լիմֆոստազ»՝ չնայած այն բանին, որ Ռուբենի գանգատները հիմնականում եղել են նյարդային ու հոգեկան բնույթի:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի օգոստոսի 16-ի առավոտյան զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ Ռուբենի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ջղաձգության նոպա է եղել, ինչպիսին եղել էր մեկ տարի առաջ: Վաշտի սպաներից մեկն ուղեկցել է Ռուբեն Դ.-ին զորամասի բուժկետ: Սպայի վկայությամբ՝ Ռուբենը քայլել է դժվարությամբ, ամբողջ մարմինը եղել է ջղաձգված, խոսել է կցկտուր, բառերն անգամ արտասանել է դժվարությամբ:

Բուժկետում բժիշկների հարցերին Ռուբենը պատասխանել է ծայրահեղ նյարդային ձևով, «կոպիտ ու անհարգալից տոնով», նույնիսկ պառկած վիճակում դեմքը շրջել է դեպի պատը և չի ցանկացել պատասխանել մնացած հարցերին:

Սպան կատարվածի մասին զեկուցել է գումարտակի հրամանատարին:

Նույն օրը գումարտակի հրամանատարական կազմից երկու սպաներ գնացել են բուժկետ՝ Ռուբենի հետ զրուցելու և նրա ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառները պարզելու:

Սպաների հետ խոսակցության ժամանակ Ռուբենը դրսևորել է տարօրինակ վարքագիծ՝ հայացքը կտրուկ թեքել է այսուայն կողմ, նշել է, թե չի կարողանում հարմարվել զինվորական ծառայությանը, քանի որ շարքում կանգնելը, սնվելը, ջուր խմելն ու անգամ՝ արևը ազդում են իր վրա:

Սպաները Ռուբենի անհատական գրքույկում նշել են, որ նա նյարդային լարված վիճակում է, վարքը տարօրինակ է:

Նույն օրը Ռուբենին դուրս են գրել բուժկետից, նա վերադարձել է ստորաբաժանում, բայց նորից բողոքել է նյարդային լարվածությունից:

Գումարտակի հրամանատարի ցուցումով Ռուբենին դարձյալ ուղեկցել են բուժկետ և սպասել են այնքան, մինչև նրան ընդունել են ստացիոնար բուժման:

Ըստ մեղադրանքի՝ չնայած Ռուբեն Դ.-ն բողոքել է նյարդային լարվածությունից, անքնությունից և այլն, նրա մոտ շարունակել են ախտորոշել «լարինգիտ»…

Երկու օր անց Ռուբենին դարձյալ դուրս են գրել՝ ըստ բժշկական փաստաթղթերի՝ լավացումով… Սակայն ծառայության վերադառնալով՝ Ռուբենը շարունակել է ներկայացնել նույն բողոքները՝ նյարդային լարվածության վերաբերյալ:

Նրան նորից են տեղափոխել բուժկետ, պահել են մեկ օր ու դուրս են գրել:

Երկու օր անց նույն գանգատներով Ռուբենին նորից տեղափոխել են բուժկետ, նա երկու օր ստացիոնար բուժում է ստացել, այս անգամ ախտորոշվել է նրա գանգատների հետ կապ չունեցող՝ «լիմֆոստազ»:

Հաջորդ անգամ Ռուբենը բուժկետ է դիմել սեպտեմբերի 4 –ին: Նրան մեկ օր են պահել:

Բուժկետում եղած ժամանակ Ռուբենը մայոր Արթուր Ա.-ի հետ զրույցի ժամանակ ասել է, թե ցանկանում է նորից տեղափոխվել իր նախկին գումարտակ, այնտեղ ընկերներ ունի…

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ա.-ն որպես բժշկական ծառայության պետ՝ անմիջական պատասխանատվություն կրելով զորամասի անձնակազմի առողջական վիճակի համար, անտեսել է Ռուբեն Դ.-ի մոտ ակնհայտ նյարդային ու հոգեկան խնդիրների առկայությունը, նրան նեղ մասնագիտական հետազոտության ուղարկելու, նրա բուժումը կազմակերպելու փոխարեն «դրսևորել է պաշտոնեական անգործություն և չի կազմակերպել զինծառայողի պատշաճ հետազոտումն ու բուժումը… Ավելին, նա զորամասում խոսակցություններ է տարածել, թե Ռուբենն իրականում հիվանդ չէ, այլ սիմուլյատիվ վարքագիծ է դրսևորում, որպեսզի տեղափոխվի նախկին գումարտակ…»:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ա.-ն Ռուբենի ու նրա հրամանատարի մոտ փորձել է արդարացնել իր անգործությունը, նշել է, որ Ռուբենը իրականում հիվանդ չէ, սիմուլյացիա է անում, նախկին գումարտակ տեղափոխվելու նրա ցանկությունը կապ չունի առողջական խնդիրների հետ…

Ռուբենի հերթական այցելություններից մեկի ժամանակ մայոր Արթուր Ա.-ն իրեն ապահովագրելու համար ձայնագրել է իր ու Ռուբենի խոսակցությունը՝ իբր մասնագիտական նպատակով, չնայած նման սովորությունը, ըստ մեղադրանքի, նա չի ունեցել:

Խոսակցության ժամանակ Ռուբեն Դ.-ն, ըստ մեղադրանքի, նշել է, որ անհանգիստ է, լարված, քնել չի կարողանում, ինչից շատ հոգնել է, սթրեսի մեջ է, մտքերով է ընկնում… Նա նշել է, որ նախկինում մի անգամ ջղաձգման նույնպիսի նոպա է ունեցել, գիտակցությունը կորցրել է…

Բայց, ըստ մեղադրանքի, անգամ այս խոսակցությունից հետո մայոր Արթուր Ա.-ն միջոցներ չի ձեռնարկել Ռուբենի հետագա բուժզննումը նեղ մասնագետի մոտ կազմակերպելու համար:

Ռուբենի՝ հերթական անգամ բուժկետում եղած ժամանակ բուժկետ է այցելել զորամասի հրամանատարի տեղակալը, նա հանդիպել է Ռուբենին, վերջինիս վարքագծի մեջ տարօրինակություններ է նկատել ու հարցուփորձ է արել բուժծառայության պետ Արթուր Ա.-ին, սակայն վերջինս ասելով, թե Ռուբենը առաջին անգամը չի բուժկետում, ավելացրել է, թե իր կարծիքով՝ նա իրականում հիվանդ չէ, սիմուլյացիա է անում:

Այդ խոսակցությունից հետո զորամասի հրամանատարի տեղակալը նախազգուշացրել է Ռուբենին՝ եթե նա իրոք՝ հիվանդ չէ ու սիմուլյացիա է անում, կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Հրամանատարի տեղակալը Արթուր Ա.-ին կարգադրել է խորամուխ լինել զինծառայողի առողջական խնդիրների մեջ, եթե անհրաժեշտ է՝ նրա բուժզննումը կազմակերպել զինվորական հոսպիտալում, ինչը չի կատարվել…

Ռուբեն Դ.-ն իր եղբայրների հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ նույնպես բողոքել է նյարդային վիճակից, խնդրել է, որ միջոցներ ձեռնարկեն ու իրեն զորացրեն, քանի որ զինվորական ծառայությունն առողջական խնդիրների՝ նյարդային գերլարվածության պատճառով իր համար անտանելի է դարձել: Նա եղբայրներին ասել է, թե զորամասում իրեն չեն հավատում, մեղադրում են սիմուլյացիա կատարելու համար, նույնիսկ դեղամիջոցներ չեն տրամադրում… Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Դ.-ն կոկորդի ցավերից կամ մրսածությունից չի բողոքել, բայց նրա ախտորոշումները դրան են վերաբերում… Ռուբենի եղբայրները ցանկացել, բայց չեն կարողացել զրուցել Արթուր Ա.-ի հետ:

Այս ամենի արդյունքում, ըստ մեղադրանքի, զինծառայող Ռուբեն Դ.-ի մոտ զարգացել է «Դեզադապտացիոն խանգարում, դեպրեսիվ տևական հակազդում»՝ հոգեկան գործունեության փսիխոտիկ մակարդակի չհասնող խանգարում, որն էլ արտահայտվել է մեկուսացվածությամբ, տրամադրության անկումով:

Ըստ մեղադրանքի՝ զորամասի բուժծառայության պետ, մայոր Արթուր Ա.-ի անգործության, սիմուլյացիայի վերաբերյալ խոսակցությունների տարածման պատճառով զինծառայողը «սուբյեկտիվորեն ընկել է անելանելիության հոգեվիճակի մեջ ու իր ունեցած հիվանդությունից ելքը գտել է ինքնասպանություն գործելու մեջ»:

2013 թվականի հոկտեմբերի 18-ին, ժամը 13-ին Ռուբեն Դ.-ն զորամասի մարտավարական դաշտում համածառայողների ներկայությամբ իրեն ամրակցված «ԱԿ-74» ինքնաձիգը լիցքավորել, պահել է իր կզակի հատվածում ու կրակոց արձակելով՝ վերջ է տվել կյանքին…

Զորամասի բուժծառայության պետ, մայոր Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով:

Ամբաստանյալ Արթուր Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե ինքը զորամասում խոսակցություններ չի տարածել Ռուբենի կողմից սիմուլյացիա անելու վերաբերյալ, Ռուբենի բուժօգնությունը կազմակերպել է պատշաճ կերպով:

Առաջին ատյանի դատարանը Արթուր Ա.-ի նկատմամբ կայացրել էր արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Դատարանը նշել էր, թե դատաքննությամբ հետազոտված ապացույցներով չի հիմնավորվել, որ Արթուր Ա.-ն դրսևորել է իշխանական անգործություն…

Արդարացման դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրողն ու տուժողի իրավահաջորդը:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Ս. Յուզբաշյանը նշել է, թե դատավճիռը պաշտպանական ճառի «արտատպված օրինակն է», դատարանը սխալ է վերլուծել ապացույցները, կայացրել է չհիմնավորված դատական ակտ:

Մեղադրողը պահանջել է ամբողջությամբ բեկանել արդարացման դատական ակտը, Արթուր Ա.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել 5 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը՝ տուժող Ռուբենի եղբայր Գուրգեն Դ.-ն նշել է՝ հենց Արթուր Ա.-ի կողմից իր ու Ռուբենի խոսակցության ձայնագրությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ՝ Ռուբենը այդ խոսակցության ժամանակ հստակ նշում է իր գանգատները՝ նյարդային լարվածություն, անքնություն սթրես, բայց այդ գանգատներն անտեսվել են բուժծառայության պետի կողմից, դրանք նույնիսկ չեն արձանագրվել Ռուբենի հիվանդության պատմության մեջ: Առաջին ատյանի դատարանը հիշյալ ձայնագրությունը վերցրել, կցել է գործի նյութերին, սակայն ձայնագրության բովանդակությունից ճիշտ հետևություններ չի արել: Մինչդեռ ձայնագրությունից ակնհայտ է՝ Արթուր Ա.-ի հետ խոսակցության ժամանակ Ռուբենը սովորական վիճակում չէ, նա նյարդային լարված վիճակում է, բայց բժիշկը, հիվանդի գանգատները լսելով, ոչ մի ձևով չի արձագանքել:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ առաջին ատյանի դատարանում օբյեկտիվ դատաքննություն չի ընթացել…

Տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ «պարզ մտքերին մանիպուլյատիվ գնահատականներ են տրվել, բայց էս գործում ամեն բան շատ պարզ է… Եթե բժիշկը չի ուղեգրել Ռուբենին նեղ մասնագետի մոտ՝ հետազոտության, ապա դա պատճառահետևանքային կապ ունի՞ Ռուբենի ինքնասպանության հետ՝ ահա թե ինչ հարցի պետք էր պատասխանել… Ես չգիտեմ՝ բժիշկը դիտավորյա՞լ է արել, թե՞ մասնագիտական գիտելիքների սահմանափակ լինելու պատճառով, բայց փաստացի՝ նրա անգործության պատճառով զինվոր է մահացել… չես կարող այդ կատարված ողբերգությանը մատների արանքից նայել… Ճշտի բացահայտումը նպաստելու է, որ այսպիսի դեպքերը չկրկնվեն… Ինքն ուզում ա՝ նստի, ուզում ա՝ չնստի՝ ինձ համար միևնույնն է, ես եղբորս չեմ կարող վերադարձնել, բայց մինչև վերջ գնալու եմ, որ արդարացի դատական ակտ կայացվի, մեղավորի մեղավորությունը հաստատվի… Եթե ես զգայի, որ մարդն անմեղ է, չէի շարունակի… Բայց տվյալ դեպքում ես ակնկալում եմ, որ արդարացման դատական ակտը բեկանվի, կայացվի մեղադրական դատական ակտ…»:

Ամբաստանյալ Արթուր Ա.-ն վերաքննիչ դատարանում հայտարարել է, թե տուժող Ռուբեն Դ.-ն ինքնասպան է եղել վերջին անգամ բուժկետ դիմելուց 45 օր անց, այդքան ժամանակ նա գանգատ չի ներկայացրել…

Վերաքննիչ դատարանում ամբաստանյալը դատարանի հարցին պատասխանելով՝ իր ու Ռուբեն Դ.-ի խոսակցության ձայնագրումը բացատրել է իր ու Ռուբենի հրամանատարության վատ հարաբերություններով, փաստացի՝ ինքն ապահովագրել է իրեն…

Դատարանի հարցերին պատասխանելով՝ ամբաստանյալ Արթուր Ա.-ն ասել է, թե մասնագիտությամբ… ստոմատոլոգ է, ճիշտ է՝ հոգեկան հիվանդությունների մասնագետ չէ, բայց ուսման ընթացքում բազային գիտելիքներ ստացել է…

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ գործով դատահոգեբուժական, դատահոգեբանական և ռազմաբժշկական փորձաքննության, ապա՝ դատահոգեբանական լրացուցիչ փորձաքննության եզրակացություններով՝ զորամասի բուժծառայության աշխատակիցների կողմից զինվորի գանգատները որպես սիմուլյացիա որակելը, նրան նեղ մասնագիտական խորհրդատվության չներկայացնելը պատճառահետևանքային կապի մեջ են զինվորի ինքնասպանության հետ, այսինքն՝ իր նկատմամբ ցուցաբերված անտարբերության, անվստահության հետևանքով զինվորը մատնվել է լքվածության, իր ունեցած առողջական խնդիրներից ելք գտնելու անկարողության զգացումը պատճառ է հանդիսացել, որ նա դիմի ինքնասպանության…

Հետմահու կրկնակի դատահոգեբուժական, դատահոգեբանական, ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունը հակառակ պնդումն է պարունակում՝ Արթուր Ա.-ի գործողությունների և Ռուբեն Դ.-ի՝ մահվանը նախորդող ժամանակահատվածում ունեցած հոգեվիճակի միջև պատճառահետևանքային կապ առկա չի եղել…

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է՝ միմյանց հակասող փորձագիտական եզրակացությունների առկայությամբ առաջին ատյանի դատարանի կողմից կրկնակի փորձաքննության նշանակումը օբյեկտիվ անհրաժեշտություն է եղել, բայց չի նշանակվել:

Վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի դատարանի թույլ տված դատական սխալները հնարավորություն չեն տալիս ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա վերացնելու այդ սխալներն ու կայացնելու գործն ըստ էության լուծող նոր դատական ակտ:

Հետևաբար՝ որոշվել է մեղադրողի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ռ. Մխիթարյան, Մ. Արղամանյան, Ա. Նիկողոսյան կազմով, բեկանել է այս գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատավճիռը, գործն ուղարկել է նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Արթուր Ա.-ի նկատմամբ խափանման այլընտրանքային միջոցի՝ գրավի կիրառումը թողնվել է անփոփոխ:

1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD TIME ARM
Яндекс.Метрика