Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրելու համար ԱԺ հատուկ նիստեր չեն գումարվի | GOOD TIME ARM

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրելու համար ԱԺ հատուկ նիստեր չեն գումարվի

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները սպասվում են դեկտեմբերի 9-ին կամ 10-ին, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական տա: Այս մասին «France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետը: Եթե այս գործողությունների հաջորդականությունը պահպանվի, ապա Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքները կեզրափակի հոկտեմբեր ամսին: Վերջին քառօրյան կսկսվի հոկտեմբերի 23-ին եւ կավարտվի հոկտեմբերի 26-ին: Ազգային ժողովի աշխատակազմից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16-ին հրաժարական կներկայացնի, այս քառօրյա նիստերը գումարվելու են:

 

«Բնականաբար, այս նիստերը տեղի են ունենում, որովհետեւ վարչապետի ընտրության համար գումարվում է հատուկ նիստ: Հնարավոր է, որ հատուկ նիստը տեղի ունենա հերթականից հետո, նայած, թե երբ է լրանում 7-րդ օրը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը:

Սակայն նկատենք, որ նոյեմբերին նախատեսված հերթական նիստերն այլեւս չեն գումարվելու: Նիկոլ Փաշինյանի հրաժարականից յոթ օր անց՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովի Կանոնակարգ-օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ վարչապետի ընտրության հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այսինքն, հոկտեմբերի 16-ից մինչեւ 21-ը ժամը 18:00-ն խմբակցությունները պետք է խորհրդարանի քարտուղարությանը ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին:

 

Ըստ էության, այս եւ սրանից հետո յոթ օր անց կրկին իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստերը չեն հրավիրվի: Պատճառը կլինի այն, որ որեւէ խմբակցություն չի առաջադրի վարչապետի թեկնածու: Համենայնդեպս, քաղաքական վերջին զարգացումներից հետո վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հայտարարել են «Ծառուկյան», ԵԼՔ եւ «Հանրապետական» խմբակցությունները: Նախնական հաշվարկներով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի հոկտեմբերի 28-ին կամ 29-ին:

«Սահմանադրության համաձայն, եթե երկու անգամ վարչապետ չի ընտրվում: Իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվում է: Բնականաբար, այստեղ կլինի տեղեկատվության հայտարարում, եթե որեւէ մեկն էլ այդ մասին բառացի չհայտարարի, այն իրավունքի ուժով լուծարվում է, բայց հայտարարություն կլինի»,- ասաց Արսեն Բաբայանը: Ի դեպ, հնարավոր է, որ 6-րդ գումարման ԱԺ-ի լուծարման մասին հայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Իսկ արդեն արտահերթ ընտրություններից հետո հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձեւավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: «Անհապաղը վերաբերվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստի օրվան»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:

Արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:

 

6-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքերը սկսել է 2017 թվականի մայիսի 18-ին եւ կավարտի 2018 թվականի տարեվերջին: Սա խորհրդարանի պատմության մեջ նախադեպ է, քանի որ երբեւէ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում տեղի չեն ունեցել: Այնուհանդերձ նշենք, որ այս երկու տարիների ընթացքում 6-րդ գումարման Ազգային ժողովում ընդունվել են աղմկոտ օրենքների նախագծներ, ինչպես նաեւ այս խորհրդարանի օրոք էր, որ Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց պառլամենտական կառավարման համակարգի:

6-րդ ԱԺ-ն պատմության մեջ կհիշվի թերեւես նաեւ այն բանով, որ ամենաքիչն էր արտահայտում ՀՀ քաղաքացու կամքը: Դրա վառ ապացույցը 2018 թվականի ապրիլի 17-ին եւ մայիսի 1-ին տեղի ունեցած վարչապետի ընտրություներն էին, երբ առաջին դեպքում ժողովուրդը շրջափակել էր ԱԺ-ն, որպեսի Սերժ Սարգսյանին վարչապետ չընտրեն, իսկ երկորդ դեպքում պահանջում էին վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Քաղաքացիների կողմից թերեւս կհիշվի նաեւ այն, որ հենց այս գումարման ընթացքում ԱԺ այգին հասանելի դարձավ բոլորին:

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика