Մարտի 1-ի գործի անակնկալը. իրավապահների պատասխանը

Կիսվել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ինքը որևէ կապ չունի թե տարածքի, թե զենքերի հետ, որ հայտնաբերել է ԱԱԾ-ն և որի մասին հայտարարել են, ասելով, թե տարածքը փաստացի պատկանում է Աբրահամյանին: Ինչպես հայտնի է, ապօրինի զենքի համար ձերբակալվել է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը:

Նախկին վարչապետը այժմ հայտարարում է, որ կապ չունի ոչնչի հետ և չգիտե, թե ինչպես են զենքերը հայտնվել այդ տարածքում: Այլ կերպ ասած սա կոչվում է «սուխոյ ատկազ», այսպես ասած չոր մերժում: Հովիկ Աբրահամյանը ունի դրա իրավունքը, նա պաշտպանվում է հնարավոր մեղադրանքից: Եվ այստեղ խնդիրն իրավապահների, տվյալ դեպքում ԱԱԾ դաշտում է, որը պետք է ապացուցի տարածքի պատկանելությունը Հովիկ Աբրահամյանին, ու նաև զենքերի հետ նրա կամ նրա թիկնազորի առնչությունը, հաշվի առնելով ԱԱԾ պետի ակնարկը, որ այդ զենքերը հնարավոր է Մարտի 1-ին օգտագործել է ինչ-որ մեկի թիկնազորը:

Մարտի 1-ի գործով իրավական հիմնավորումների հարցը կարծես թե դառնում է ավելի ու ավելի շոշափելի: Մի կողմից ակնհայտ է, որ տեղի է ունեցել հանցագործություն հասարակության և պետության դեմ, մյուս կողմից սակայն հասարակությունը դեռևս կարծես թե չի ստանում այն համոզիչ փաստարկներն ու ապացույցները, որոնք նաև ուղղակի կզրկեին հնարավոր կասկածյալների կամ մեղադրյալների վկաներին ավելորդ մանիպուլյատիվ հնարքների կիրառման հնարավորությունից: Այստեղ առկա է բավականին ուշագրավ և որոշակի պարադոքսալ մի իրավիճակ:

Քննությունը և գործի ընթացքը, զարգացումները հանրայնորեն միանգամայն լեգիտիմ են, աներկբա լեգիտիմ են, սակայն միևնույն ժամանակ հասարակական այդ լեգիտիմությունն առայժմ ավելի շատ հիմնված կամ խարսխված է տասնամյա վաղեմության ողբերգական և դրամատիկ զարգացումների այսպես ասած հիշողական ինֆորմացիայի կամ այս տասը տարիներին ի հայտ եկած տեղեկատվության վրա, քան նոր փաստարկների, որոնք բավականին համոզիչ և ուժեղ են: Իսկ սա խնդիր է, բաց, որին իրավապահ համակարգը պետք է ուշադրություն դարձնի:

Ի վերջո, 0038 հրամանի մասին հանրությունը նոր չէ, որ տեղյակ է, ու թեև որոշ մանրամասներ ի հայտ եկան նոր, սակայն այդուհանդերձ ուժը հիմնված է արդեն իսկ եղած տեղեկատվության վրա: Տպավորիչ է զենքի հայտնաբերումը, սակայն ինչ են հակադրելու իրավապահները «սուխոյ ատկազին»: Առավել ևս, որ այդպիսի «ատկազները» շատ են լինելու, լինելու են անընդհատ, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է կրակելուն և մարդասպանությանը:

Ի վերջո գործի քննությունը չի կարող անվերջ խարսխված մնալ միայն հանրային լեգիտիմության վրա, իսկ իրավական մասով վերածվել այսպես ասած անվերջ ձգվող ինչ որ ռետինի: Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել էր, որ չի տվել կրակելու հրաման և տեղյակ չէ, թե ով է կրակել ու սպանել մարդկանց: Նա ասում էր, թե՝ թող գնան ու պարզեն դա: Ամենեին զարմանալի ու անսպասելի չէ, որ Մարտի 1-ի համար պատասխանատու իշխանության բարձրագույն ներկայացուցիչները ասելու են հենց դա, որ իրենք կապ չունեն: Նույնը կասի նաև Սերժ Սարգսյանը, եթե նրան կանչեն հարցաքննության, և նաև նույնը կասեն բոլորը: Եվ ստացվում է մի տարօրինակ վիճակ, որ պատասխանն այս դեպքում պետք է տան իրավապահները: Այսինքն,«այստեղ հարցերն իրենք են տալիս», բայց տվյալ պարագայում արդեն իրենք պետք է պատասխան տան, պարզելու համար, թե ովքեր են եղել կրակողները, ինչ զենքով: Հետո արդեն մնացյալը թերևս կդառնա իսկապես «ուչաստկովիի» մակարդակի գործ:

Ի վերջո, առայժմ Մարտի 1-ի գործի քննությունն ընթանում է առանց որևէ էական սենսացիայի կամ անակնկալի: Այդպիսին կարող է թվալ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը, այդ թվում Քոչարյանի, սակայն խնդիրն այն է, որ դա անակնկալ է այսպես ասած նախկին համակարգի տրամաբանության ֆոնին, բայց ամենևին բովանդակային անակնկալ չէ գործի համատեքստում: Հասարակությունը սպասում է հենց այդպիսի անակնկալի, որպեսզի կարողանա գործի ընթացքը չափել արդեն նոր Հայաստանի չափանիշներով կամ չափորոշիչներով, քանի որ առայժմ ընթացքը խոշոր հաշվով չափվում է հնի տրամաբանության ֆոնին:

Լուսանկարը՝ 2rd.am-ի

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ