Բարձրաստիճան ոստիկանները պարտքի համար դաժան ծեծի են ենթարկել քաղաքացու | GOOD TIME ARM

Բարձրաստիճան ոստիկանները պարտքի համար դաժան ծեծի են ենթարկել քաղաքացու

Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանը արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։

Վիճաբանությունը ծագել է պարտքի պատճառով։ Մսագործը քրեականի Վալոդիկին 80 հազար դրամ պարտք է ունեցել։ Նա պարտքը հետ է պահանջել, Ալեքսան Գասպարյանն էլ մեկ շաբաթ ժամանակ է խնդրել, սակայն աշխատակիցը Գասպարյանին նստացրել է իր մեքենան, զանգահարել, կանչել ևս երկու աշխատակցի, ու մեքենայի մեջ ծեծել են Գասպարյանին, ապա դուրս նետել մեքենայից ու հեռացել։

Ալեքսան Գասպարյանին պատահական մարդիկ են գտել ու տեղափոխել հիվանդանոց, որտեղից հիվանդին ընդունելով՝ որևէ ահազանգ չի իրականացվել ոստիկանություն։

Գասպարյանին բուժող բժիշկ Մարինա Ամիրջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոստիկանություն չեն դիմել, քանի որ Գասպարյանը ծեծված չի եղել, նա հիվանդանոց է դիմել սրտի հետ կապված գանգատով, իրենք էլ հոսպիտալացրել են և սկսել բուժումը։

Մեր դիտարկմանը՝ ականատեսները, անգամ հիվանդանոցի աշխատողները տեսել են, թե ինչպես են Գասպարյանին արնաշաղախ հիվանդանոց տեղափոխել, բժիշկը պատասխանեց. «Մենք նման բան չենք տեսել։ Ոտքի կապտուկներն էլ մեր բժշկական միջամտության արդյունքում կարող էին լինել»։

Ալեքսան Գասպարյանը նշեց, որ ինքը հիվանդանոց գալուց ի վիճակի չի եղել, իսկ հետո վախեցել է բողոքել. «Ես վատ վիճակի մեջ էի, մտածեցի՝ գոնե կգան, կտանեն Երևանի հիվանդանոց, կհետազոտվեմ։ Իմ սիրտը երեք անգամ վիրահատված է։ Այս հիվանդանոցում պայմաններ չկան, չգիտեմ՝ գուցե նաև ինֆարկտ եմ տարել։ Բայց իրենք ո՛չ եկան, ո՛չ ճշտեցին՝ ինչ է եղել, ոնց եմ։ Դրա համար էլ իրենց արժանի պատիժը պետք է ստանան նրանք»,- ասաց Գասպարյանը։

Գասպարյանն առ այսօր բողոք չի ներկայացրել ոստիկանություն, սակայն նրա խոսքով՝ ինչպես այս հրապարակումը, այնպես էլ իր բողոքը ոստիկանները պետք է դիտեն՝ հաղորդում հանցագործության մասին։

Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ տեղյակ չեն, և իրենք չէին կարող այս խնդրով զբաղվել, քանի որ առ այսօր որևէ բողոք չեն ստացել որևէ մեկից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика