«Փաշինյանի այցն Իրան կլինի ավելին, քան ծանոթությունն է». վերլուծաբան

«Հայ-իրանական օրակարգում ներկայումս 2 կարևոր հարց կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին, որից հետո ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Իրան: «Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին՝ կնպաստի մեր անվտանգության կայունությանը:

Դեսպան Սաջջադին նույնպես խոսեց մեր երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծեց, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է: Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցն ԻԻՀ, պատրաստակամություն հայտնեց աջակցելու, որ մեր երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ»,- գրել էր Արմեն Գրիգորյանը:

Կայհան Բարզեգարի խոսքով՝ Փաշինյանի Իրան կատարելիք այցից ակնկալիքները բազում են, քանի որ տարածաշրջանում և աշխարհում իրավիճակն Իրանի ու Հայաստանի շուրջ այդքան էլ հանգիստ չէ: Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի հարաբերությունների զարգացումը հենց ներկայումս բացառիկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Հայաստանի համար Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կարևորությունը, իսկ Իրանի համար` ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

«Բնականաբար, մեր երկրները բազում այլ խնդիրներ ևս ունեն, սակայն մեր երկրների համար կարևոր են այս երկու հարցերը, որոնց հաղթահարման հարցում և Հայաստանը կարող է աջակցել Իրանին, և Իրանը` Հայաստանին: Բնականաբար, Հայաստանն ակնկալում է, որ Իրանը դրական և հայանպաստ դերակատարություն կունենա ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման և ոչ միայն կոնկրետ այդ գոտում, այլև Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման պարագայում՝ ունենալով բավականին հզոր ազդեցություն և ներկայություն Նախիջևանում:

Այս հարցը ՀՀ նոր իշխանությունները քննարկել էին նաև Իրանի դեսպանի հետ: Սա այն թեման է, որտեղ Իրանը շահագրգիռ է խաղաղասիրական ներդրում ունենալ, ինչպես նախագահ Ռուհանին է սովորաբար ասում: Իրանի համար այս դժվար ժամանակահատվածում Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը Իրան-ԱՄՆ հակամարտության պարագայում ևս կարևոր է Իրանի համար, քանի որ Իրանի համար Հայաստանը մի քանի վստահելի գործընկերներից մեկն է:

ՀՀ նոր իշխանությունների հետ ոչ միայն այս երկու թեմաները, այլև, կարծում եմ, երկկողմ հարաբերությունների ողջ ծավալը կքննարկվի, ընդհատված պրոյեկտները, պատճառները և այն, թե ինչպես այդ ծրագրերին նոր շունչ հաղորդել, թարմացնել երկկողմ հարաբերությունները»,- ասաց Կայհան Բարզեգարը:
Իրանցի քաղաքագետի կարծիքով՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնց ցանկում միշտ նշվել է նոր իշխանությունների կողմից Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, այս այցը, ակնկալվում է, որ պետք է լինի ավելին, քան ծանոթությունը:

«Այլ թեմաներից գուցե քննարկվի էներգակիրների փոխանցման, «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման, առաջացած խնդիրների, առևտրատնտեսական կապերի զարգացման հարցը պատժամիջոցների պարագայում, «Մեղրի» ազատ առևտրի գոտու, Իրան-Հայաստան-ԵԱՏՄ թեման և մի շարք այլ հարցեր»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին, թե Իրանը ՀՀ նոր իշխանություններից ինչպիսի՞ քաղաքականություն է ակնկալում պատժամիջոցների առկայության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների պարագայում, իրանցի քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանն ու Իրանը սովորաբար հաջողել են փոխըմբռնում գտնել ամենադժվար հարցերում՝ լինելով քրիստոնյա և մուսուլման երկրներ:

«Կարծում եմ` առաջիկայում ևս դա հաջողվելու է: Հայաստանը կարող է գտնել ոսկե միջինն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չվատթարացնելու և Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Կարծում եմ` ամերիկյան կողմը չի կարող արգելել այլ երկրներին առևտուր անել կամ հարաբերություններ զարգացնել Իրանի հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ը միջուկային գործարքում Իրանի իրականացրած քայլերը սխալ է գնահատել և դուրս եկել համաձայնագրից: Դա ԱՄՆ-ի ընկալումն է եղել»,- ասաց նա:

Նշենք նաև, որ օրերս իր թվիթերյան էջում ԱՄՆ նախագահ Թրամփը գրել էր. «Յուրաքանչյուրը, ով Իրանի հետ բիզնես կանի, բիզնես չի անի Միացյալ Նահանգների հետ»:

Աղբյուր

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել