Ինչ է վահանագեղձի տոքսիկ ադենոման և որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

Վահանաձև գեղձի տոքսիկ ադենոման, որը կոչվում է նաև Պալմմերի հիվանդություն, առանձին հանգույցներից բաղկացած բարորակ ուռուցք է, որի դեպքում գեղձը շարունակում է կատարել իր ֆունկցիաներն ու հորմոններ արտադրել: Սակայն այս հիվանդության ախտորոշման ժամանակ հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ ադենոմայի ախտանշանները շատ նման են վահանաձև գեղձի մի շարք այլ հիվանդությունների ախտանշաններին:

Հիվանդության զարգացումը

Վահանագեղձի տոքսիկ ադենոման համարվում է բարորակ նորագոյացություն, որը սինթեզում ու արտազատում է վահանաձև գեղձի հորմոններ: Որպես կանոն՝ հանգույցներն ի հայտ են գալիս երկար ժամանակ ոչ ակտիվ վիճակում եղած բազմաթիվ նորագոյացությունների հետևանքով:

Այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ ադենոման արտազատում է թիրեոիդ հորմոն, ինչը հատուկ չէ այս գեղձի այլ տեսակի գոյացություններին, որոնք բարձրացնում են արյան մեջ թիրոքսինի մակարդակը:

Բացի այդ, վահանաձև գեղձի տոքսիկ ադենոման ինքնուրույն է աշխատում և չունի ամբողջ օրգանի աշխատանքի կարիքը: Ընդ որում՝ հիվանդի արյան մեջ նկատվում է հորմոնալ ֆոնի բարձրացում, սակայն նվազում է օրգանի հյուսվածքների հորմոնալ ակտիվությունը:

Հիվանդի արյան մեջ թիրեոտրոպ (թիրեոխթանիչ) հորմոնի ցածր մակարդակի հետևանքով նվազում է առողջ վահանաձև գեղձի հորմոնների ակտիվությունը, ինչը կարող է հանգեցնել բարորակ ուռուցքի հեռացման վիրահատության ենթարկված հիվանդների մոտ հիպոթիրեոզի առաջացման:

Հիվանդության ախտանշանները

Բուժզննման ընթացքում բժիշկ-ներզատաբանը (էնդոկրինոլոգ) շոշոփելով կարող է հայտնաբերել գեղձի մեջ կլորավուն կամ ձվաձև պնդացումներ, որոնք պետք լավ շոշափվող եզրեր ունենան: Որևէ բան կուլ տալիս ուռուցքը տեղաշարժվում է: Բացի այդ, վահանաձև գեղձի տոքսիկ ադենոմայի դեպքում պարանոցի հատվածում գտնվող ավշային հանգույցները չեն մեծանում:

Հիվանդության ախտանշանները բավական ուշ են ի հայտ գալիս և կարող են երկար ժամանակ չանհանգստացնել հիվանդին: Որոշ դեպքերում ոչ ակտիվ ուռուցքը կարող է կտրուկ ակտիվանալ և սկսել վահանագեղձի հորմոններ արտազատել:  Նման դեպքերում հիվանդի մոտ նկատվում են տրամադրության կտրուկ տատանումներ, դյուրագրգիռություն և տվյալ մարդուն ոչ բնորոշ բնավորության գծեր: Երկար ժամանակ անուշադրության մատնելու դեպքում հիվանդի մոտ կարող են հայտնաբերվել նաև վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի խանգարումներ: Բացի այդ, սրտի զարկերը միշտ նորմայից արագ են լինում, նկատվում է տախիկարդիա և առիթմիա, իսկ զարկերակային ճնշումը բարձրանում է:

Ավելի ուշ փուլերում վահանաձև գեղձի տոքսիկ ադենոման դրսևորվում է որովայնի ցավերով, լյարդի աշխատանքի խանգարումներով, սրտխառնոցով ու փորլուծությամբ: Բացի այդ, կարող է նկատվել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում (37,5) և անհանդուրժողականություն օդի բարձր ջերմաստիճանի հանդեպ: Որոշ հիվանդների մոտ նվազում է քաշը՝ նույնիսկ լավ ախորժակի դեպքում:

Վահանագեղձի տոքսիկ ադենոմայի ախտորոշումը

Վահանագեղձի տոքսիկ ադենոման կարող է ախտորոշվել բժիշկ-ներզատաբանի մոտ բուժզննման ժամանակ՝ շոշափման միջոցով: Կասկածների դեպքում բժիշկը կարող է հավելյալ ուլտրաձայնային հետազոտություն նշանակել, որը կօգնի հերքել կամ հաստատել կասկածները: Բացի այդ, Պալմմերի հիվանդությունը կարելի է ախտորոշել նաև արյան անալիզի միջոցով:

Բարորակ ուռուցքի առկայությունը հաստատելու համար բժիշկը կարող է նաև վահանաձև գեղձի բիոպսիա նշանակել: Այս կերպ կարելի է պարզել, թե ինչ գոյացություն է դա՝ վահանագեղձի տոքսիկ ադենոմա, թե չարորակ ուռուցք:

Վահանագեղձի տոքսիկ ադենոմայի բուժումը

Վահանաձև գեղձի տոքսիկ ադենոմայի բուժումն իրականացվում է երկու եղանակով, որոնք ենթադրում են վիրահատական միջամտություն: Դրանք են.

·        գեղձի հեռացում,

·        գեղձի մասնակի հեռացում:

Վիրահատական միջամտության տեսակն ընտրվում է՝ ելնելով հիվանդության ընթացքից, ուռուցքի չափերից ու բնույթից:

Սկզբնական շրջանում վահանաձև գեղձի տոքսիկ ադենոման ճնշվում է դեղորայքային թերապիայով, որը ներառում է նաև հակաթիրեոիդ դեղամիջոցներ: Դեղորայքային թերապիայից հետո իրականացվում է վիրահատական միջամտությունը:

Որպես վերականգնողական թերապիա նշանակվում է սինթետիկ հորմոնալ դեղամիջոց, որը պարունակում է վահանաձև գեղձի բնական հորմոններին նման արհեստական հորմոններ: Վահանաձև գեղձի ամբողջական հեռացման դեպքում հիվանդը ստիպված է հորմոններին փոխարինող դեղամիջոցներն ընդունել մինչև կյանքի վերջ:

Հարկ է հիշել, որ ժամանակին հայտնաբերելու դեպքում վահանաձև գեղձի տոքսիկ ադենոման ամբողջությամբ բուժվում է և չի ունենում լուրջ հետևանքներ:

Աղբյուր

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել