«Կներեք, ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների». Թեժ բանավեճ կառավարությունում

Կիսվել

Կառավարության արտահերթ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկկնեց, որ կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգն իրենց առաջիկա մարտահրավերներից մեկն է:

Ըստ նրա՝ իրենք մի քանի ընտրություն ունեին՝ չեղյալ անել համակարգը, բայց հասկացել են, որ չեն կարող գնալ այդ քայլին, քանի որ շուրջ 120 մլրդ դրամ կառավարիչների կողմից տեղաբաշխված է տարբեր տեղերում, և չեղյալ անելու դեպքում երկու բացասական արդյունք կլիներ՝ այդքան գումարը դուրս կգար տնտեսությունից և աշխարհում հսկայական հեղինակություն ունեցող կառավարիչների գործունեությունը կասեցնելուց հետո դժվար կլիներ մարդկանց համոզել ներդրումներ անել մեր տնտեսությունում:

Ն.Փաշինյանի կարծիով՝ կասեցումը նաև անարդար կլիներ համակարգի 200 հազար մասնակիցների հանդեպ, որոնք հետաձգման դեպքում պետք է շարունակեին վճարել: Վարչապետը նշեց, որ փոփոխությունը բոլորի համար է, և նախկին վճարող քաղաքացիները նույնպես օգոստոսից 2.5% կվճարեն, մնացած 7.5% կվճարի պետությունը: 80 հազար քաղաքացիների ներգրավումը համակարգում վարչապետն անվանեց ամենապակաս ցավոտ լուծումը և հիշեցրեց, որ այս գումարները քաղաքացիները վճարում են իրենք իրենց, այսինքն՝ չեն կորցնում:

Միաժամանակ, նշեց Ն.Փաշինյանը, եկամտահարկի փոփոխության արդյունքում կպահպանվի ստատուս-քվոն և հետագայում 5% վճարելու դեպքում քաղաքացիների եկամտի տարբերությունն էական չի լինի.

«Կուտակային կենսաթոշակի հետ կապված հիմնական պրոբլեմը եղել է վստահության պորբլեմը: Կարծում եմ՝ այն հանգամանքը, որ մենք այսօր վստահության խնդիր չունենք, փառք Աստծո, մենք կարող ենք այս քայլը թույլ տալ, և կարծում եմ սա այն լուծումն է, որը բխում է ՀՀ պետական շահերից և մեր քաղաքացիների երկարաժամկետ շահերից»:

Օրենսդրական այս փոփոխությունը վեճի առիթ դարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի միջև:

Վերջինս համաձայնեց, որ սա ամենադժվար կայացվող որոշումներից մեկն է, վարչապետի բացատրություններն ընկալելի են ներկա պայմաններում: Սակայն, հայտարարեց նա, անհրաժեշտ է, որ հասարակության մոտ ձևավորվի համոզմունք, որ այս համակարգը լավն է, և մասնակիցներն իրենք գնահատեն.

«Բայց ես՝ որպես մարդ, որ Սահմանադրական դատարանում կարողացել ենք ապացուցել համակարգի մի շարք բացերը և նաև, որ համակարգը պետք է վերափոխվեր, այս պահին դժվարությամբ ենք կարողանում գնահատել՝ արդյո՞ք ՍԴ որոշումները կատարվել են, ռիսկերը վեացվել են, թե՞ ոչ»:

Ա.Մինասյանը կասկած հայտնեց տնտեսությունում ներդրված միջոցների արդյունավետության կապակցությամբ:

Նա հայտարարեց, որ որպես ՀՅԴ ներկայացուցիչ՝ կողմ չի քվեարկել պարտադիր կուտակային համակարգին, և այս դեպքում էլ դեմ է այն տարբերակին՝ հասկանալով հանդերձ, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է:

«Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր չե՞ն հասկանում, որ դա պարտադրված լուծում է»,- հարցադրում արեց վարչապետը: Ա.Մինասյանը նշեց, որ շատ ավելի լավ լուծում կարելի էր բերել:

Վարչապետը հիշեցրեց, որ իրենք գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում. «Մենք այստեղ կառավարության նիստում ենք, խորհրդարանական ընդդիմություն չենք: Այդ հարցերը, որ դուք բարձրացնում եք, մեր լիազորությունների տիրույթում են: Եթե դուք ասում եք՝ ունեք հարցեր, որոնց պատասխանը չգիտեք, այդ հարցերի պատասխանը գտնելը ձեր և մեր բոլորիս աշխատանքային պարտականությունն է: Եկեք շատ հստակ հասկանանք՝ հիմա մենք կամ այս թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, կամ չենք վերցնում»:

«Ես՝ որպես վարչապետ, և կառավարությունը՝ որպես կառավարություն, այս պատասխանատվությունը վերցնում ենք և համոզված ենք, որ սա քայլ է, որ պետք է լուծենք՝ առաջ գնալով, ոչ թե՝ հետ գնալով: Հիմա ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում, մեզ հետ չեն»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Ա.Մինասյանը նշեց, որ որպես կոլեգիալ մարմին որոշումը ենթակա է կատարման, և ինքը կատարելու է:

«Այլ կերպ չէր էլ կարող լինել, դուք դրանով որևէ մեկին լավություն չեք անում»,- հակադարձեց վարչապետը:

Ա.Մինասյանը կրկնեց, որ ընդունելով հնչած դիրքորոշումը, ինքն ընդամենը ներկայացրել է իրենց մոտեցումը, բայց դա բացարձակ չի նշանակում, որ քննադատում է ներկայացված որոշումը:

Ա.Մինասյանի դիտարկմանը, որ, եթե ինքը կողմ քվեարկի, կնշանակի, որ կողմ է պարտադիրի ներդրմանը, և կնշանակի՝ դեմ դուրս գալ սեփական համոզմանը:

Ն.Փաշինյանը հակադարձեց, որ ինքն էլ է դեմ եղել դրան, երբ պատգամավոր էր, բայց հիմա կառավարության անդամ է, և պետք է հստակ գնահատել իրավիճակը, և եթե իրենք պատասխանատվություն են ստանձնում, ապա պատասխանատվություն են ստանձնում:

«Կներեք, ես թույլ չեմ տա, որ իմ ղեկավարած կառավարությունում այլ հաշվարկներով, այլ մոտեցումներով փորձեն մարդկանց բաժանել առավել սկզբունքայինների և պակաս սկզբունքայինների, և ես ուզում եմ, որ շատ հստակ լինի այս հարցում մեր բոլորի տեսակետը»,- հայտարարեց վարչապետը՝ հույս հայտնելով, որ հասկանալի է, որ կիսադիրքորոշումներով չի կարելի առաջ շարժվել, և կիսադիրքորոշումներից արվելու են հետևություններ:

Ի վերջո, նախագիծն ընդունվեց միաձայն:

Աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ