Դոն Պիպո.հավակնում է դառնալ Նիկոլի իշխանության թիվ մեկ գողականը | GOOD TIME ARM

Դոն Պիպո.հավակնում է դառնալ Նիկոլի իշխանության թիվ մեկ գողականը

 

Հայաստանում երկու տասնյակից ավելի գողականները սերտաճել են իշխանություններին, ամենավերին հարթության պաշտոնյան ազդեցիկ է եղել այնքանով, որքանով վայելել է գողականների հիերարխիայի վերինների հովանավորչությունը: Եւ սա եղել է իշխանության ձեւավորման մեխանիզմի հետեւանքը, քանզի գողականներն ապահովվել են իշխանության պահպանումը եւ վերարտադրությունը, իշխանությունն էլ՝ գողականների անպատժելիությունը:

 

Թվում էր, թե ապրիլյան թավշյա հեղափոխությունը պետք է իշխանության հետ սրբեր-տաներ գողականներին, սակայն, ահա, հայտնվում է առաջին ծիծեռնակը, որը պատրաստվում է նոր տողից սկսել իր էպոխան, դառնալ կատարվածի մի մասնիկը ու շարունակել հեղափոխության շարունակությունը, իսկ իրականում՝ դառնալ նոր իշխանության գողական տանիքը: Այդ ծիծեռնակը Արթուր Ասատրյանն է, ով հայտնի է «Դոն Պիպո» մականունով, նա ուղերձ է հղել Էջմիածինցիներին, որում նշվում է. «Սիրելի իմ համաքաղաքացի Էջմիածնեցիներ, ես՝ Արթուր Ասատրյանս, անձամբ ճանաչում եմ Արտակ Սերգոյանին, դեռևս նրա մանուկ հասակից։ Արտակը մեծացել է իմ աչքի առաջ, և այսօր նա գտնվելով Բելգիայում, իր շնորհքով ո՛չ միայն դարձել է հաջողակ բիզնեսմեն, այլ իր հայրենասիրական գործողություններով վայելում է մեր հազարավոր հայրենակիցների հարգանքը:Բոլորն են տեղյակ մեր Սուրբ քաղաքի հանդեպ իմ հոգատար վերաբերմունքի մասին, որի անունը բարձր եմ պահել ամբողջ աշխարհում: Հենց դրանով է պայմանավորված, որ շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ կլինեմ Ձեր կողքին, որպիսի միահամուռ ուժերով մասնակցենք մեր քաղաքի զարգացմանը>>: Նրանք, ովքեր չգիտեն, թե ով է Արտակ Սերգոյանը, տեղեկացնենք, որ մեծ կորուստ չունեն, քանզի Սերգոյանի մասին քչերը գիտեն, նա «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է, ապրում է Բելգիայում, արդեն 15 տարի լքել է հայրենիքը , ինչպես ինքն է ասում Մանվել Գրիգորյանի եւ նրա կլանի պատճառով:

 

Թավշյա հեղափոխությունից ոգեւորված Սերգոյանը օրերս իր համաքաղաքացիներին կոչ է արել ավարտին հասցնել հեղափոխությունը նաեւ Էջմիածնում եւ ազատագրվել Գրիգորյանների լծից: Նա նշում է՝ իր պես բազմաթիվ էջմիածինցիներ կան, ովքեր ոչ միայն այդ տարիներին, այլև այժմ հեռանում են իրենց հարազատ քաղաքից, քանի որ այնտեղ նույնիսկ ազատ տեղաշարժվելու իրավունք չունեն: Նա հիշեցնում է գեներալի եւ իր որդու հաստատած ապօրինությունները, որոնց մասին գիտեն շատերը ու հույս հայտնում. «Ես և իմ ընկերները մշտապես բարձրաձայնել ենք, ասել ենք, որ Էջմիածնում այսպիսի խնդիրներ կան, և այսօր, երբ արդեն կա նոր Հայաստան ու կան նոր իրողություններ, լիահույս ենք, որ օրենքը վերջապես կհաղթի, կվերականգվեն քաղաքացիների իրավունքները, նրանք իրավունք կունենան ազատ տեղաշարժվել իրենց հարազատ քաղաքում, և օրենքի առաջ հավասար կլինինեն բոլորը, ինչպես իր ելույթում խոստացավ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

 

Դոն Պիպոյի եւ Մանվել Գրիգորյանի հակասությունների մասին գիտեն բոլորը, նա ինչ-որ ժամանակով Սերգոյանի բախտակիցն է եղել ու Մանվել Գրիգորյանի պատճառով իրեն նետել է օտար ափեր, Իտալիայում բախտը այնքան է ժպտացել Արթուր Ասատրյանին, որ վերջինս դարձել է Դոն: Գողական աշխարհի այս տարրը ժամանակին իր ծառայություններն է մատուցել Սերժ Սարգսյանին, վերջերս նա ոգեւորվեց Կարեն Կարապետյանի վարչապետությամբ ու դարձավ նրա բացած ներդրողների ակումբի անդամ,խոստացավ մեծամեծ ներդրումներ, բայց նրա ներդրումների մասին ոչինչ չիմացանք: Դրա փոխարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ նա լուծեց փիառ որոշ հարցեր, մահափորձի մութ պատմության մեջ հայտնվեց եւ շահագրգիռ կողմերից եզրահանգումներ արվեցին, թե Կարապետյանները վտանգ են ներկայացնում Սերժ Սարգսյանի իշխանությանը: Հիմա Դոնը կրկին ասպարեզ է նետվել ու ասում է, որ շուտով կլինի իր համաքաղաքացիների կողքին, այլ կերպ ասած՝ կաջակցի նոր իշխանություններին Էջմիածնում ազատվել հնից:

 

 

աղբյուր

(Visited 1 times, 1 visits today)

ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՅՈՒԹԵՐ

կիսվել
Яндекс.Метрика